Էկվադորում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք, ինչպես հույս ունեն  ընտրողները,  երկիրը դուրս կբերեն բռնության և տնտեսական խնդիրների  պարույրից՝  նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությամբ մռայլված   քարոզարշավից հետո, տեղեկացնում է Reuters-ը:

Նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի հովանավորյալ Լուիզա Գոնսալեսը գլխավորում էր հարցումը մինչև Վիլյավիսենսիոյի սպանությունը՝ հավաքելով ձայների մոտ 30%-ը:

Նա խոստացել է միջազգային պահուստներից  2,5 միլիարդ դոլար տրամադրել Էկվադորի տնտեսությանն աջակցելու համար, ինչպես նաև վերադարձնել այն սոցիալական ծրագրերը, որ իր կառավարման տասնամյակի ընթացքում իրականացրել է Կորեան, որը  դատապարտվել է  կոռուպցիայի մեղադրանքով:

Մյուս թեկնածուն՝ Օտտո Զոնենհոլցները, Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո խստացրել է իր հռետորաբանությունը՝ բազմիցս խոստանալով, որ իր կառավարության օրոք բռնի հանցագործները գնդակահարվելու են ոստիկանության կողմից:

Մեկ այլ թեկնածու՝ Յան Թոփիկը, որը պնդում է, որ եղել է ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի անդամ, խոստացել է առաջին հերթին անդրադառնալ անվտանգության խնդիրներին, մինչդեռ հայտնի գործարար և նախկին թեկնածու Ալվարո Նոբոայի որդին՝ Դանիել Նոբոան, իր քարոզարշավը կենտրոնացրել է աշխատատեղերի ստեղծման վրա:

Բնիկ ժողովուրդների թեկնածու, շրջակա միջավայրի պաշտպան Յակու Պերեսը հայտարարել է, որ վերանայելու է օգտակար հանածոների արդյունաբերության կոնցեսիաները, որոնք չեն համապատասխանում բնապահպանական և սոցիալական չափանիշներին, և  խնդրելու է վարկատուներին իրեն շունչ քաշելու ժամանակ տալ:

Իր հերթին, Քրիստիան Զուրիտան, որ փոխարինել է Վիլյավիսենսիոյին, խոստացել է ավելի լավ զինել ոստիկանությանը և ամրագրել հետախուզական արձանագրությունները՝ հանցավորության դեմ պայքարելու համար՝ օգտագործելով միջազգային վարկեր սոցիալական ծրագրերին աջակցելու համար:

Վիլյավիսենսիոյի անունը և լուսանկարը լինելու է քվեաթերթիկների վրա, որոնք տպագրվել են մինչև նրա սպանությունը:

Կիրակի օրը քվեարկության համար նախատեսված է նաև երկու բնապահպանական հանրաքվե, որոնք, ակնկալվում է, հաջողությամբ կանցնեն, և որոնք կարող են արգելել Կիտոյի մերձակա անտառում հանքարդյունաբերությունը և Ամազոնում նավթային հանքավայրի մշակումը:

13 միլիոնանոց ընտրազանգվածը կընտրի նաև Ազգային ժողովի 137 պատգամավորի։ Քվեարկությունը պարտադիր է 18-ից 65 տարեկանների համար, և իշխանությունները հայտարարել են, որ 100,000 ոստիկան  և զինվորական  հսկելու է  ընտրատեղամասերը:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ը կամ 40%-ը, եթե 10 միավորով գերազանցում է իր ամենամոտ մրցակցին։ Հակառակ դեպքում երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 15-ին։