Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Ավստրալիան այս շաբաթ ծրագրում  են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Հարավչինական ծովում՝ Ֆիլիպինների արևմտյան ափերի մոտ՝ ընդգծելու իրենց հավատարմությունը տարածաշրջանում օրենքի գերակայությանը վիճելի ջրերում չինական ագրեսիայի վերջին դրսևորումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների անվտանգության ծառայության ներկայացուցիչներին։

Զորավարժությունները  ներառելու են երեք ավիակիր հածանավի համատեղ նավարկումը «ուժ ցուցադրելու և համատեղ վարժանքներ անցկացնելու համար»։ Նրանց հրամանատարները մտադիր են հանդիպել ֆիլիպինցի գործընկերների հետ Մանիլայում ծովային զորավարժություններից հետո, Associated Press-ին հայտնել է Ֆիլիպինների անվտանգության ծառայության երկու պաշտոնյա:

ԱՄՆ-ն նախատեսում է տեղակայել USS America ավիակիրը, իսկ Ճապոնիան ուղարկելու է իր ամենախոշոր ռազմանավերից մեկը՝ JS Izumo ուղղաթիռակիրը։ Ավստրալիայի թագավորական ռազմածովային նավատորմն ուղարկելու է իր HMAS Canberra նավը, որը նաև ուղղաթիռներ է տեղափոխում, ասել է երկու պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ համատեղ զորավարժությունները նախատեսված են եղել մի քանի ամիս առաջ։

Ֆիլիպիններն այս շաբաթ չեն մասնակցի զորավարժություններին ռազմական-լոգիստիկ  սահմանափակումների պատճառով, սակայն բաց են ապագայում մասնակից դառնալու համար, հավելել է աղբյուրը։

Օգոստոսի 5-ին Չինաստանի առափնյա պահպանության նավերը ջրցան մեքենաներով կրակել էին ֆիլիպինյան նավերի վրա վիճելի ջրային տարածքում, որը երկար ժամանակ դիտվում էր որպես պոտենցիալ թեժ կետ և դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-Չինաստան լարվածության պատճառներից մեկը: