Բանգլադեշի հյուսիսարևելքում ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմադիր ակտիվիստներին ցրելու համար՝ քաղաքական այն վեճի ֆոնին, թե ով է վերահսկելու հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսվում է անցկացնել հունվարին:
Ըստ Prothom Alo-ի, բախումների հետևանքով տուժել է մոտ 300 մարդ, այդ թվում՝ մի քանիսը՝ հրազենային գնդակներից:
Նշվում է նաև, որ ոստիկանությունը կրակ է բացել Բանգլադեշի ազգայնական կուսակցության կողմնակիցների վրա, որը գլխավորում է նախկին վարչապետ Խալեդա Զիան։
Խալեդա Զիայի տեղական կուսակցության առաջնորդ Ջի Քեյ Հաուսն ասել է, որ քաոս է սկսվել այն բանից հետո, երբ հազարավոր կուսակցական կողմնակիցներ երթ են կատարել փողոցներով: Ոստիկանները նրանց դեմ առ դեմ են դուրս եկել և հրամայել են կանգ առնել։
Իր հերթին, Հաբիգանջ Պալաշ շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Ռանջան Դեյն ասել է, որ ոստիկանությունը ստիպված է եղել քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ ընդդիմադիր ակտիվիստները հանկարծակի հարձակվել են իրենց վրա՝ փորձելով ճեղքել ոստիկանական պատնեշը:
Զիայի կուսակցությունը պահանջում է վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը և մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները իշխանության փոխանցումը անկուսակցական ժամանակավոր կառավարությանը:
Զիայի կուսակցությունը և նրա դաշնակիցները մեղադրում են Հասինային 2018 թվականին ձայների կեղծման մեջ, իսկ կուսակցությունը բողոքում է այն բանի դեմ, թե ով պետք է վերահսկի հաջորդ համընդհանուր ընտրությունները:
Հասինան հույս ունի վերադառնալ իշխանության չորրորդ անգամ անընդմեջ և ասում է, որ ընտրությունները պետք է վերահսկվեն իր կառավարության կողմից, ինչպես նշված է սահմանադրության մեջ:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և ՄԱԿ-ը կոչ են անում բոլոր կողմերին «խուսափել բռնությունից և աշխատել վստահելի ընտրությունների անցկացման ուղղությամբ»:




























