Իր նպատակներին հասնելու համար Հյուսիսային Կորեան կարող է նաեւ միջուկային զենք կիրառել։ Կառավարության նիստում այսպիսի կարծիք է հայտնել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։

«Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան իր ռազմական նպատակներին հասնելու համար կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները, չի հրաժարվի միջուկային զենքի կիրառումից»,- նրա խոսքերը մեջբերել է Kyodo ճապոնական գործակալությունը։ Հարավային Կորեայի նախագահը նաեւ ընդգծել է, որ եռակողմ համագործակցությունը Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ կամրապնդվի Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի աճի ֆոնին։

Յուն Սոկ Յոլը նոր է ավարտել այցը ԱՄՆ, որտեղ եռակողմ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Նա այստեղ առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ղեկավարների հետ։ Եռակողմ բանակցությունների արդյունքների հիման վրա արված համատեղ հայտարարությունում կողմերը հաստատել են հավատարմությունը Հյուսիսային Կորեայի հետ առանց որեւէ նախապայմանի երկխոսության վերականգնմանը։ Երեք երկրների ղեկավարները նաեւ համակարծիք են այն հարցում, որ միջուկային զենքի ոչնչացումը միջազգային հանրության ընդհանուր նպատակն է՝ խոստանալով ջանքեր գործադրել, որպեսզի այն այլեւս երբեք չկիրառվի։