Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերն իրականացրել են հիպերձայնային հրթիռի նախատիպի մարտ ամսից առաջին փորձարկումը՝ ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News շաբաթաթերթը՝ հղում անելով ԱՄՆ զինվորականներին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, օգոստոսի 19-ին Boeing B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ արձակել է AGM-183A հիպերձայնային հրթիռ, որը մշակվել է ARRW ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ զինվորականները չեն նշում, թե արդյոք փորձարկումը հաջող է անցել։ Նրանք հավաստիացրել են, որ ձեռք են բերվել «արժեքավոր տեղեկություններ ARRW-ի հնարավորությունների մասին»։
Մարտին ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալն ասել էր, որ ARRW ծրագրի շրջանակներում հիպերձայնային զենքի վերջին փորձարկումն անհաջող էր։ Միաժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը, մայիսի 9-ին ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած սեմինարի ժամանակ, վստահեցրել է, որ Պենտագոնն օգտակար է համարում ARRW ծրագիրը։
ARRW-ն օդային բալիստիկ հրթիռ է, որը հագեցած է հիպերձայնային սահող միավորով:




























