Իտալիայի հյուսիսում գտնվող ձկնորսական համայնքները պայքարում են գիշատիչ կապույտ ծովախեցգետինների ներխուժման դեմ, որը կարող է սպառնալ ամբողջական շրջանների տնտեսությանը, գրում է The Guardian-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Անցած տարվա ընթացքում Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ափերին բնակվող ծովախեցգետինները տարածվել են Իտալիայի մի քանի ծովածոցերում՝ սնվելով տեղական կակղամորթներով և վտանգելով երկրի՝ աշխարհում կակղամորթ արտադրող առաջատարներից մեկի դերը:
«Հարկավոր է, որ մարդիկ Հռոմում հասկանան, որ այս աղետը սպառնում է հազարավոր ընտանիքների և ձեռնարկությունների կյանքին,- երկուշաբթի հայտարարել է Էմիլիա-Ռոմանիայի նահանգապետ Ստեֆանո Բոնաչինին:- Այս ներխուժումը վտանգում է ոչնչացնել մի տնտեսություն, որը ոչ միայն ապահովում է համայնքի ապրուստը, այլև իտալական և եվրոպական գերազանցություն է՝ այս տարածաշրջանին առանձնահատուկ այլ ապրանքների հետ միասին, ինչպիսիք են Պարմայի խոզապուխտը կամ Պարմիջիանոն»:
Տուժած շրջանների ձկնորսական համայնքներին խորհուրդ է տրվել որսալ որքան հնարավոր է շատ կապույտ խեցգետիններ՝ փորձելով վերահսկել նրանց պոպուլյացիան: Այդուհանդերձ, Պո գետի դելտայում այս միջոցները գործնականում անարդյունավետ են եղել:
Այս տարի Վենետոյում արդեն որսացել են ագրեսիվ ինվազիվ տեսակի մոտ 326 տոննա, որից միայն օգոստոսին՝ 84 տոննա Սկարդովարիում և 29 տոննա Պիլայում:
Ըստ Fedagripesca-Confcooperative ձկնորսական ասոցիացիայի, ծովախեցգետիններն արդեն մոտ 100 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են հասցրել ամբողջ Իտալիայում, ինչպես նաև կերել են Պոյի դելտայի երիտասարդ կակղամորթների մինչև 90%-ը՝ լուրջ վնաս պատճառելով հետագա արտադրությանը։





























