Բրիտանացի պաշտոնյաները հինգ տարի շարունակ գաղտնի տեղեկություններ են վաճառել չինական հետախուզության աշխատակցին, որը կեղծ օգտահաշիվներ է օգտագործել LinkedIn սոցիալական ցանցում։ Այսպիսի հայտարարություն է արել The Times թերթը։

Ըստ պարբերականի, «ՉԺՀ  հետախուզության աշխատակիցը  մարդկանց և ընկերությունների մի քանի կեղծ օգտահաշիվներ է ստեղծել» և սոցցանցի միջոցով կապ է հաստատել բրիտանացի պաշտոնյաների հետ, որոնք աշխատում են «զինված ուժերում, գիտական ​​և տեխնիկական ոլորտներում»։ Հետախույզը օգտագործել է Ռոբին Չժան, Ռոբին Ցաո, Էրիկ Քիմ կեղծանունները և պնդել, որ կրթություն է ստացել Լոնդոնի առաջատար համալսարաններից մեկում: Նա օգտագործել է այլ մարդկանց լուսանկարներ LinkedIn-ում կեղծ էջերի համար, պարզաբանում է պարբերականը։

Ինչպես նշում է The Times-ը, հետախույզը նախ որոշակի անձից խորհրդակցություն է խնդրել նրա մասնագիտական ​​հետաքրքրությունների ոլորտի վերաբերյալ, բայց հետո խոշոր գումարներ է խոստացել գաղտնի տեղեկություններ կամ փաստաթղթեր տրամադրելու համար: Այսպիսով, նա կադրերի բաժնի աշխատակցին առաջարկել է 8 հազար ֆունտ (10 հազար դոլար) Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների յուրաքանչյուր նոր աշխատակցի մասին տեղեկությունների համար։ Նա նաև մեծ գումարներ է խոստացել ռազմական հետախուզության նախկին աշխատակցին՝ թագավորության հակաահաբեկչական աշխատանքների մասին տեղեկություններ ստանալու համար: