Հայաստանի ամառային ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքներում 12-ից 7 ճամբարում հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ ստուգումներ անցկացվել են Կոտայքի, Տավուշի եւ Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:

«Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական եւ ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին»,– ասված է հաղորդագրությունում:

Արդյունքում կասեցվել է «Լավա-Աղբյուր» ճամբարի խոհանոցի գործունեությունը, քանի որ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

«Հանքավանի խոտորջուր առողջարանում» եւ «Հասմիկ» ճամբարում ՍԱՏՄ–ն hայտնաբերել է թերի մակնշմամբ սննդամթերք։

««Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» ճամբարում մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձեւ N 5-ով, որի իրացումն արգելվել եւ վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաեւ hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը նույնպես կասեցվել է»,– ասված է հաղորդագրությունում։

«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում նույնպես կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձեւ N 5-ով, ինչպես նաեւ հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք:

Անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է եւ ոչնչացվել։

«Ռ․ եւ Գ․» ճամբարում էլ խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ։

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկել են վարչական պատասխանատվության: