Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը պատրաստ է հրաժարական տալ՝ պաշտպանության նախարարության կողմից զինվորականների համար բաճկոններ գնելու հետ կապված սկանդալի պատճառով։ Բայց կա մի պայման։ Այս մասին РБК-Украина-ին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Ինչպես հրապարակմանը հայտնել է Ռեզնիկովը, նա գրազ է առաջարկել լրագրող Միխայիլ Տկաչին և պատգամավոր Անաստասիա Ռադինային, ով ղեկավարում է Գերագույն ռադայի հակակոռուպցիոն քաղաքականության հանձնաժողովը։
«Եթե պարզվի, որ ՊՆ-ն իրոք ձմեռայինի փոխարեն 180 հազար ամառային բաճկոն է մատակարարել, ապա ես հրաժարականի դիմում եմ գրում։ Եթե պարզվի, որ մատակարարվել է 180 հազար ձմեռային բաճկոն, այլ ոչ թե ամառային, ապա պատգամավոր Անաստասիա Ռադինան հրաժարական կտա, իսկ լրագրող Միխայիլ Տկաչը կհեռանա հրապարակումից և 3 տարով կդադարի զբաղվել լրագրությամբ»,- ասաց նախարարը։
Բացի այդ, Ռեզնիկովը Ռադայի խորհրդարանական էթիկայի հանձնաժողովին և լրագրողական էթիկայի հանձնաժողովին հրավիրել է այս գրազում արբիտրներ դառնալ։
«Իրավիճակը վերլուծելիս մենք կներկայացնենք գործին առնչվող բոլոր փաստաթղթերը, ապացույցները, փաստերն ու նյութերը, որպեսզի վեճի հաղթողն ակնհայտ լինի ուկրաինական ողջ հասարակության համար»,- հավելել է նա։
Պաշտպանության նախարարն իր հայտարարությունն ուղարկել է նաև այլ լրատվամիջոցների։
Վերջերս մամուլում հետաքննություն հայտնվեց, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն իբր թուրքական Vector avia hava araçlari ընկերությունից զինվորականների համար ձմեռային բաճկոններ է գնել, բայց ուռճացված գնով։ Բաճկոնների գինն առաքման պահին, ըստ հետաքննության, եռապատկվել է։ Բացի այդ, լրատվամիջոցները պարզել են, որ իրականում Թուրքիայից Ուկրաինա են ժամանել ոչ թե ձմեռային բաճկոններ, այլ ամառային։





























