Թայվանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ Չինաստանը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է ուղարկել կղզու կողմ՝ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հավանություն է տվել Թայվանին 500 միլիոն դոլարի զենք վաճառելուն, հաղորդում է Associated Press-ը:

Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ուրբաթ առավոտյան` ժամը 6-ից մինչև շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 6-ը՝ 24 ժամվա ընթացքում նկատվել է Ժողովրդական ազատագրական բանակի 32 ինքնաթիռ և 9 ռազմածովային նավ:

Դրանցից 20 ինքնաթիռ կամ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը կամ խախտել Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտին։ Ի պատասխան այդ գործողությունների՝ Թայվանն ուղարկել է իր ինքնաթիռները, նավերը և հրթիռային համակարգերը, հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Չորեքշաբթի օրն ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Թայվանի F-16 կործանիչների ինֆրակարմիր որոնման և նավիգացիոն համակարգերի և հարակից այլ սարքավորումների վաճառքի մասին՝ կես միլիարդ դոլար արժողությամբ:

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգն ուրբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանը դեմ է զենքի վաճառքին, այն անվանելով «կոպիտ միջամտություն» Չինաստանի ներքին գործերին և այն որակելով որպես «նողկալի արարք», որը խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը, ինչպես նաև չինական-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկները։