Չիլիում ԱՄՆ դեսպանատունն իր էջում հրապարակել է 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած հեղաշրջման մասին երկու զեկույց։

1973 թվականի սեպտեմբերի 8-ին թվագրված առաջին զեկույցում` ուղղված ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնին, ասվում է, որ «մի շարք զեկույցներ են գալիս Չիլիից, որոնք վկայում են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին»:

Զեկույցում նշվում է, որ նավատորմի անդամները, որոնք մտադրվում են կառավարությունը տապալել, այժմ պնդում են, որ աջակցություն են հայտնում բանակին և օդային ուժերին, «սակայն, որևէ ապացույց չկա, որ հեղաշրջման ծրագիրը համակարգվում է երեք ծառայությունների կողմից»:

1973 թվականի սեպտեմբերի 11-ին թվագրված երկրորդ զեկույցում Միացյալ Նահանգների նախագահին տեղեկացվել է, որ Չիլիում «Ալենդեի կառավարության դեմ ռազմական գործողություններ սկսելու ռազմածովային նավատորմի սպաների պլանները, ըստ տեղեկությունների, աջակցվում են բանակային որոշ հիմնական ստորաբաժանումների կողմից»:

«Ալենդեի կառավարության դեմ ռազմական գործողություններ սկսելու՝ ռազմածովային սպայական ծրագրերին աջակցում են բանակի որոշ կարևոր ստորաբաժանումներ: Թեև զինվորականները գնալով ավելի վճռական են տրամադրված՝ վերականգնելու քաղաքական և տնտեսական կարգը, այն դեռևս չի կարող արդյունավետ համակարգված ծրագիր մշակել, որը կշահագործի համատարած քաղաքացիական ընդդիմությունը: Սոցիալիստները, ձախ ծայրահեղականները և կոմունիստները վճռական են փոխզիջումների չգնալու հարցում: Նրանք խաղադրույք են կատարում, որ ռազմական և քաղաքական ընդդիմությունը չի կարողանա իշխանությանը հեռացնելու կամ նույնիսկ սահմանափակումներ մտցնելու փորձեր իրականացնել։ Նախագահ Ալենդեն, իր հերթին, դեռ հույս ունի, որ միջանկյալ միջոցները կօգնեն խուսափել բախումներից»,- ասվում է զեկույցում։

Չիլիում հեղաշրջման արդյունքում, որը տեղի ունեցավ 1973 թվականի սեպտեմբերի 11-ին, երկրի նախագահ Սալվադոր Ալենդեն պաշտոնանկ արվեց, և երկիրը սկսեց կառավարել ռազմական խունտան՝ գեներալ Աուգուստո Պինոչետի գլխավորությամբ։