Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան ճանաչվել է երկրի նախագահական ընտրությունների հաղթող՝ շաբաթ օրը կայացած նախագահական լարված պայքարում հաղթելուց հետո, հաղորդում է CNN-ը։

«Զիմբաբվեի ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2023 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Նորին Գերազանցություն նախագահ Էմերսոն Մնանգագվան ճանաչվել է հաղթող՝ 2,350,711 ձայնով, որը ներկայացնում է ձայների 52,6%-ը, նրան  հաջորդում է Նելսոն Չամիսան՝ հանուն փոփոխությունների քաղաքացիական կոալիցիայից (CCC)՝ 1,906,734 ձայնով, որը կազմում է ձայների 44%-ը,  Թվիթերում տեղեկացրել է Զիմբաբվեի տեղեկատվության նախարարությունը:

80-ամյա առաջնորդի հաղթանակը երկարացնում է «Zanu-PF»-ի տասնամյա իշխանությունը Զիմբաբվեի քաղաքականությունում, որը երկրում գերիշխող կուսակցությունն է 1980 թվականին Բրիտանիայից անկախանալուց ի վեր:

45-ամյա Չամիսան լավատեսորեն էր տրամադրված հաղթանակին և այժմ մերժել է ընտրական մարմնի հայտարարած արդյունքները։ Դեռ հայտնի չէ՝  արդյո՞ք, նա դատական հայց կներկայացնի։

Ավելի վաղ նրա կուսակցությունը դատապարտել է քվեարտուփերի ուշ տեղադրումը, ինչը հանգեցրել է քվեարկության զանգվածային ձգձգումների, նա բարձրաձայնել է նաև քվեարկության գործընթացում ենթադրյալ որոշ խախտումների մասին։

Չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ CCC-ը հայտարարել է, որ իր որոշ թեկնածուների անուններ  հեռացվել են քվեաթերթիկներից, որոնք, ըստ նրա, որոշ դեպքերում տպագրվել էին  CCC ցուցակներում իշխող կուսակցության թեկնածուների լուսանկարների կողքին: