Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրի դերը՝ որպես G20-ը հյուրընկալող երկիր, այս տարի կենտրոնանալու է զարգացող աշխարհի խնդիրների լուսաբանման վրա, և Աֆրիկյան միությանը հրավիրել է դառնալ ֆորումի մշտական ​​անդամ, հաղորդում է Associated Press-ը:

«Մենք ունենք ներառականության տեսլական, և այդ տեսլականով մենք հրավիրել ենք Աֆրիկյան միության երկրներին դառնալ G20-ի մշտական ​​անդամներ», - ասել է Մոդին կիրակի օրը Նյու Դելիում Business 20 գագաթնաժողովում:

B20-ը մասնաճյուղային  միջոցառում է, որը հաջորդ ամիս Հնդկաստանի մայրաքաղաքում կայանալիք 20 հարուստ և զարգացող երկրների գագաթնաժողովի մի մասն է:

Երեք օրվա ընթացքում արդյունաբերության և քաղաքականության ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ճկուն մատակարարման շղթաների ստեղծումը, թվային փոխակերպումը, զարգացող երկրների առջև ծառացած պարտքի մարտահրավերները և  կլիմայի փոփոխության ասպարեզում նպատակներին հասնելու միջոցները։ Կազմակերպիչների խոսքով՝ իրենց առաջարկությունները կներկայացվեն G20 երկրների կառավարությունների ուշադրությանը։

Որպես այս տարվա G20-ը հյուրընկալող երկիր՝ Հնդկաստանը պայքարել է ուկրաինական պատերազմի պատճառով մասնակից երկրների միջև տարաձայնությունները հաղթահարելու համար։ Երկրում կայացած մի քանի հանդիպումներից և ոչ մեկչի ավարտվել  կոմյունիկեի պատրաստմամբ, ինչը հարցեր է առաջացրել, թե արդյոք հաջորդ ամիս առաջնորդների հանդիպումը կարող է դուրս գալ փակուղուց:

Փոխարենը, Հնդկաստանը հետևողականորեն կոչ է արել պառակտված  խմբավորմանը  հասնել կոնսենսուսի այն հարցերի շուրջ, որոնք անհամաչափորեն ազդում են զարգացող երկրների կամ, այսպես կոչված, Գլոբալ հարավի վրա: Դրանք ներառում են պարտքի անընդունելի մակարդակը, արժեզրկումը և կլիմայի փոփոխության սպառնալիքը: