Եգիպտոսը, Եթովպիան և Սուդանը կիրակի օրը վերսկսել են իրենց բազմամյա բանակցությունները  վիճելի ամբարտակի շուրջ, որը  Եթովպիան կառուցում է Նեղոս գետի գլխավոր վտակի վրա, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Բանակցությունների վերսկսումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդն անցյալ ամիս հայտարարեցին, որ մտադիր են չորս ամսվա ընթացքում համաձայնության գալ Կապույտ Նեղոսի վրա 4,6 միլիարդ դոլար արժողությամբ Եթովպական վերածննդի ամբարտակը շահագործելու շուրջ: Կապույտ Նեղոսը թափվում է  Սպիտակ Նեղոսը Սուդանի մայրաքաղաք Խարթումում, այնուհետև Եգիպտոսի միջով ոլորվելով հյուսիս՝ թափվում է Միջերկրական ծով:

Եգիպտոսը վախենում է կործանարար հետևանքներից, եթե ամբարտակը շահագործվի՝  առանց իր պահանջմունքները  հաշվի առնելու: Նա դա գոյաբանական սպառնալիք է անվանել։ Արաբական աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն իր գյուղատնտեսությունը և ավելի քան 100 միլիոն մարդու ջրով ապահովելու հարցում գրեթե ամբողջությամբ կախված է Նեղոսից: Գետերի հոսքի մոտ 85%-ը սկիզբ է առնում Եթովպիայից։

Եգիպտոսի ոռոգման նախարարությունը հայտարարել է Կահիրեում բանակցությունների նոր փուլի մասին։ Ոռոգման նախարար Հանի Սևիլամն ասել է, որ Եգիպտոսը ցանկանում է իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնություն ձեռք բերել հսկա ամբարտակի շահագործման և լցման վերաբերյալ:

Սևիլամն, առանց մանրամասնելու,  ասել է, որ կան բազմաթիվ «տեխնիկական և իրավական որոշումներ» վեճը լուծելու համար:

Կահիրեի և Ադիս Աբեբայի միջև լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ Եթովպիայի կառավարությունը սկսեց լցնել ամբարտակների ջրամբարը, նախքան համաձայնության հասնելը:

Առանցքային են մնում այն հարցերը, թե բազմամյա երաշտի դեպքում Եթովպիան որքան ջուր կթողնի  հոսանքն ի վար, և ինչպես երեք երկրները կլուծեն ապագա վեճերը: Եթովպիան նախագծի վերջնական փուլում մերժել է պարտադիր արբիտրաժը:

Եթովպիան ասում է, որ ամբարտակն անհրաժեշտ է՝ պնդելով, որ իր բնակիչների մեծ մասը էլեկտրականության պակաս ունի:

Սուդանը ցանկանում է, որ Եթովպիան համակարգի  ամբարտակների աշխատանքը և տեղեկացնի դրանց վերաբերյալ տվյալները՝ ջրհեղեղներից խուսափելու և Կապույտ Նեղոսի՝ Նեղոսի գլխավոր վտակի վրա գտնվող սեփական էներգետիկ ամբարտակները պաշտպանելու համար: Ամբարտակը գտնվում է Սուդանի հետ սահմանից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա։