Լոռու մարզում հանրակրթական հաստատությունները 163-ն են, մարզային ենթակայության դպրոցները 149-ը, սմարթ դասարանները՝ 37-ը, Արմաթ լաբորատորիաները՝ 114-ը: Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ ներկայացվել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Այնուհետև զեկուցվել է դպրոցներում իրականացվող աշխատանքների մասին, ըստ որի` 6 դպրոցում բացվել են էկոդասարաններ, 32 դպրոցում հիմնվել են պտղատու այգիներ, հատապտղային՝ 10, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, 25 դպրոցում տեղադրվել են արևային կայաններ, 7 դպրոցում առկա են ջերմոցային տնտեսություններ, ատեստավորվել է 827 ուսուցիչ, կամավոր ատեստավորվել է 64 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներից ամենաբարձր աշխատավարձը կազմում է ավելի քան 400 հազար դրամ:
Մարզում գործում է 74 մանկապարտեզ: 2018-2022 թթ. կառուցվել և հիմնանորոգվել է 26 մանկապարտեզ, որից սուբվենցիայով 12 մանկապարտեզի աշխատանքներն ավարտված են, 7-ի աշխատանքներն ընթացքի մեջ են, ՀՏԶՀ-ով իրականացվել է 2 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում, ընթացքի մեջ են պետական բյուջեով 4 (մոդուլային) մանկապարտեզի շինարարական աշխատանքները, Տաշիր հիմնադրամի կողմից աշխատանքներ են իրականացվում 1 մանկապարտեզում:
Ինչ վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, ըստ պատասխանատուների, մարզում կապիտալ շինարարության ոլորտի հատկացումներն ըստ ֆինանսավորման աղբյուրի, հետևյալ տեսքն ունեն՝ մասնավորի հատկացումները կազմում է 26 մլն 235 հազար դրամ, միջազգային հատկացումները՝ 279 մլն դրամ, համայնքային հատկացումները՝ 1 մլրդ 622 մլն դրամ, պետական բյուջեից հատկացումները՝ 3 մլրդ 920 մլն դրամ:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է 5,8 մլրդ դրամ: Ըստ այդմ՝ ավարտվել են 153 ընտանիքի բնակելի տների շինարարական աշխատանքները՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, իրականացվել են 2 պետական քոլեջի վերակառուցման աշխատանքներ, վերակառուցվել է 1 հիմնական դպրոցի մեկ մասնաշենք, 17 դպրոցում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվել, 3 համայնքում կառուցվում են դպրոցներ, մեկնարկել են 1 համայնքում՝ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, 2 համայնքում կառուցվում են «Մոդուլային» տիպի դպրոցներ, 7 համայնքում իրականացվում են դպրոցների մարզադահլիճների կառուցման և հիմնանորոգման շինարարական աշխատանքներ, 2022թ. ՀՏԶՀ-ի կողմից իրականացվել են շուրջ 1,9 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:





























