Լոռու մարզում գործում է մարզային ենթակայության 29 բուժհաստատություն, 5 բժշկական կենտրոն, 1 դիսպանսեր, 4 պոլիկլինիկա, 19 առողջության առաջնային պահպանման կենտրոն, հիվանդանոցային հզորությունը 461 մահճակալ է: Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ ներկայացվել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ոլորտում ներդրումների ծավալը կազմում է 1,7 մլրդ դրամ: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում բացվել է «Ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության բաժանմունք», որը հագեցվել է «Ազնավուր հիմնադրամ»-ի աջակցությամբ: 2023թ. «Սպիտակի բժշկական կենտրոն»-ը սեփական միջոցներով ձեռք է բերել Siemens գերմանական ապրանքանիշի գերհզոր Siemens go.Up համակարգչային տոմոգրաֆ՝ 162 մլն դրամ արժեքով: Առողջապահության նախարարության կողմից 2022թ. մարզի 4 առողջապահական հաստատություններին տրամադրվել են թվային ռենտգեն սարքավորումներ, «Ալավերդու բժշկական կենտրոն»-ին անհատույց 5 տարի ժամկետով տրամադրվել է ամենագնաց շտապ օգնության ավտոմեքենա:
«Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամ»-ի («COAF») կողմից կառուցվել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենք: Ներդրումների ծավալը կազմում է 168 մլն դրամ:
Միջազգային համագործակցության շրջանակում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) կողմից շուրջ 2 մլրդ դրամի ներդրում է կատարվել գյուղական համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Լոռու մարզի տնտեսական զարգացման համաժողովը: ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում շուրջ 11.6 մլն դրամի ներդրում է կատարվել:
Զբոսաշրջության բնագավառում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ: Հյուրանոցային տնտեսություններ թիվը 273-ն է, որից 20-ը նոր հյուրանոցային տնտեսություններ են: 2022թ. մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:
Վարչապետին ներկայացնելով մշակույթի և սպորտի բնագավառում իրականացված աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը՝ նշվել է, որ մարզում առկա է 19 մարզադպրոց, 3 մարզակումբ, 21 գրադարան, 8 թանգարան, 28 երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոց: Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում վերականգնվել է շուրջ 21 հնագիտական իր: Թանգարանում կազմակերպվել են 7 թեմատիկ ցուցադրություններ: Այցելուների թիվը 2021 թ. կազմել է 2534, իսկ 2022 թ.՝ 3972: 7 դպրոցում իրականացվել են մարզադահլիճների հիմնանորոգման, շինարարական աշխատանքներ: Սպորտդահլիճներ են առկա 88 դպրոցում, որից նորոգման ենթակա են 64-ը:
Խորհրդակցության ժամանակ խոսվել է նաև առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ մշակվել է Վանաձոր համայնքի կայուն զարգացման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն եվրո է: Լոռու մարզպետարանի հետ համատեղ մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել են Վանաձոր, Սպիտակ, Թումանյան և Փամբակ խոշորացված համայնքների կոմունալ և սանիտարական պայմանների բարելավման ծրագրերը: «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով ընթացքի մեջ է «Երևանի շոկոլադի գործարան» ընկերության ներդրումային ծրագիրը: Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից մարզի 7 համայնքներում ընթացքի մեջ է 11 Թումո տուփերի և Վանաձորում Թումո կենտրոնի կառուցման գործընթացը:
Առաջիկա ծրագրերի շարքում են նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի նոր շենքի կառուցումը, «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի կազմում գործող «Վարակաբանական բաժանմունք»-ի նոր մասնաշենքի կառուցումը, «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի հեմոդիալիզի բաժանմունքի բացումը:
Շարունակելով ներկայացնել առաջիկա ծրագրերի մասին տեղեկատվություն՝ նշվել է նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում առկա վթարային փայտյա բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամասի կառուցումը, որի արդյունքում 309 ընտանիք կունենա նոր բնակարան: Ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 24,3 մլն դրամ: Խոսվել է նաև 4 համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների մասին, որի ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 14,8 մլն դրամ:
Վարչապետը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է դպրոցների կառուցման, ինտենսիվ այգեգործության ընդլայնման, գյուղատնտեսական տնտեսություններին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, այլ ճյուղերի զարգացման, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերին, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:





























