Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ, իրավապաշտպան Իլյա Մելնիկովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ բլոգեր Միքայել Բադալյանին եւ «Sputnik Армения» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գեւորգյանին ազատ արձակելու խնդրանքով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցություն ցուցաբերել նրանց իրավունքների եւ խոսքի ազատության իրավունքի պաշտպանության համար, այդ թվում նրանց կալանավորման մեջ մեղավոր անձանց, խախտումների հայտնաբերման դեպքում, պատասխանատվության ենթարկելու միջոցով»,- նամակում գրել է Մելնիկովը։
Ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանը եւ «Sputnik Армения» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գեւորգյանը կալանավորվել են Հայաստանում զենքի անօրինական շրջանառության կասկածանքով։ Գորիսում սեպտեմբերի 6-ին եւ 7-ին զենքի անօրինական շրջանառության կասկածանքով կալանավորել են յոթ մարդու։ Նրանց մեջ են նաեւ բլոգեր Բադալյանը եւ մեկնաբան Գեւորգյանը։
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ անհանգստացած է բլոգեր Միքայել Բադալյանի եւ «Sputnik Армения» ռադիոյի լրագրող Աշոտ Գեւորգյանի կալանավորման առիթով։




























