Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է օրինակ լինեն հետխորհրդային տարածքի մյուս պետությունների համար, օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է, ինքնիշխանության պահպանման անվերապահ հարգման պարագայում, պահպանել բարիդրացիական հարաբերությունները, բացասականն առանձնացնել հիասքանչից եւ դրա վրա կառուցել հարաբերություններ ժողովուրդների միջեւ։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է «Գազպրոմ-Մեդիա Ռադիո»-ի նախագահ Յուրի Կոստինը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում գլխավորը փոխըմբռնումն ու բարիդրացիական կապերը պահպանելն է։

«Չնայած բոլոր խնդիրներին, մենք, շնորհիվ այս ֆորումի, նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերային փոխհարաբերություններին։ Եթե խոսենք զվարճալի մեդիաների ոլորտում համագործակցության մասին, ապա պետք է առավելագույն չափով հեռանանք երկկողմ քաղաքական հարաբերությունների օրակարգից, իսկ եթե խոսենք երկու երկրների համագործակցության մասին այն ոլորտներում, որոնք կապ ունեն մշակությաին փոխանակման հետ, ապա պետք է  օգտագործենք դրական օրինակները, որոնք կան»,- ընդգծել է Կոստինը։

Նա առաջարկել է Հայաստանում կազմակերպել ռուս աստղերի փառատոն, հզոր նախագծեր դասական երաժշտության ոլորտում, անցկացնել հայկական մշակույթի օրեր Մոսկվայում։

«Մենք կարող ենք չսահմանափակվել միայն երաժշտական նախագծերով, դրանք կարող են լինել նաեւ խոհանոցային փառատոներ, նաեւ արվեստի փառատոներ։ Կա հիմք, որի վրա կարելի է ստեղծել ոչ թե պարզապես համատեղ մեդիա նախագծեր, այլ գլուխգործոցներ, որոնք կոմերցիոն առումով շահեկան կլինեն, ինչը նրանց թույլ կտա զարգանալ»,- ավելացրել է «Գազպրոմ-Մեդիա Ռադիո»-ի նախագահը։