Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի որոշմամբ՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին, որը համալսարանի դասախոսներից է, դասաժամեր չտրամադրելու մասին որոշում է կայացրել: Այս մասին Սարգսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Բրյուսովի ռեկտորը (ազգանունը չեմ հիշում) որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո այլեւս չպետք է այնտեղ դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ (բնականաբար լսարանում դրանք չեմ հնչեցնում):
Ով էլ որոշի դասավանդել առարկան, բոլոր նյութերը պատրաստ եմ տրամադրել»,- գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն էր հայտնել, որ իրեն նույնպես դասաժամետ չի տրամադրվել՝ անհիմն պատճաբանությամբ: Դասաժամեր չեն տրամադրվել նաեւ Քաղպաշտպանություն եւ Ֆիզկուլտուրա առարկաները դասավանդող Սերգեյ Ասատուրովին, որին նույնպես հստակ հիմնավորում չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Ռեկտորի պարտականությունները կատարում էին պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։
Դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։
Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից հետո այդպես էլ չհաստատվեցին եւ որոշ ժամանակ անց՝ մարտի 15-ին Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր:





























