«Անսար Ալլահ»-ի (հութի) ապստամբ շարժման ներկայացուցիչների պատվիրակությունը ծրագրում է այցելել Սաուդյան Արաբիա՝ Եմենում հրադադարի շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հինգշաբթի օրը Սանա ժամանած Օմանի պատվիրակությունը հութիների հետ կմեկնի թագավորություն։ Գործակալությունը նշում է, որ երկու պատվիրակությունները պետք է Ռիադ ժամանեն նույն օրը։
Bloomberg-ը երեկ հայտնել է, որ առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են Եմենի ապագայի համար, քանի որ Էր-Ռիադը պատրաստվում է բանակցությունների նոր փուլի հութիների հետ, որոնք սպառնում են վերսկսել հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա, եթե փոխհատուցումները և նավթի ու գազի եկամուտների զգալի մասը նրանց չվճարվեն: Գործակալությունը նաև ենթադրում է, որ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա տարաձայնությունները վտանգում են Եմենում խաղաղ կարգավորման հեռանկարները:
Եմենում կառավարական ուժերի և ապստամբ Անսար Ալլահ շարժման կողմնակիցների միջև առճակատումը շարունակվում է 2014 թվականի օգոստոսից։ Այն իր ամենաակտիվ փուլը թեւակոխեց 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից երկիր ներխուժմամբ։ 2023 թվականի փետրվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասաց, որ Եմենը իրական հնարավորություն ունի շարժվելու դեպի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու։





























