Սա ակնհայտ ճգնաժամ է, որտեղ անհրաժեշտ է ԱՄՆ ղեկավարության ակտիվ ներգրավվածությունը: Հասկանում եմ նաև Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու կետեր գտնելու դժվարությունը, սակայն այս իրավիճակում պետք է գործի դրվեն բոլոր հնարավոր գործիքակազմերը, քանի որ նուրբ դիվանագիտությունը, կարծես թե, չի աշխատում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ նշեց սենատոր Քրիս Մըրֆին:

Նա դիմեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմին՝ ասելով. «Ես ցանկանում եմ Ձեզ հարցնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկա վիճակի մասին։ Վերջին տասնամյակում մեր եվրոպացի գործընկերների հետ մեծ աշխատանք ենք տարել աշխատել ենք՝ փորձելով օգնել Եվրոպային աստիճանաբար թուլացնել կախվածությունը ռուսական նավթից ու գազից։ Եվ այդ ռազմավարության մի մասն էլ եղել է ադրբեջանական գազի ու նավթի մատակարարումները Եվրոպա ավելացնելը։ Ենթադրում ենք, որ դա ավելի պատասխանատու ընտրություն է։ Սակայն կարծում եմ՝ այժմ պետք է վերանայենք այդ նախադրյալի առկայությունը, քանի որ Ռուսաստանը Ադրբջանի հետ հարաբերությունների սերտացման քայլեր է անում։ Արդյունքում Ադրբեջանի էներգակիրները կարող են այն աստիճան կարևորություն ստանալ Եվրոպայի համար, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը միավորեն անվտանգային ռազմավարությունները, ինչի շնորհիվ Ռուսաստանը կվերականգնի իր կորցրած ազդեցության լծակները։

Այսպիսով ի՞նչ հետևություններ պետք է ԱՄՆ-ն ու Եվրոպան անեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սերտացումից, ինչպիսի՞ն է այդ հարաբերությունների բնույթը, և հնարավո՞ր է, որ մենք սխալ հաշվարկ ենք արել՝ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների՝ դեպի Եվրոպա մատակարարման ծավալն ավելացնելով, կարո՞ղ է մի օր զղջանք այդ որոշման համար»:

Ի պատասխան Յուրի Քիմն ասաց. «Տարածաշրջանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ թելադրվում են աշխարհագրությամբ ու պատմությամբ, և դա պարզապես մի քանի տարվա կամ սովետական շրջանի պատմություն չէ, այլ սերունդների ու դարերի: Մենք ակտիվ աշխատում ենք ուժերի հարաբերակցությունը մեր օգտին փոխելու համար:

Պետք է նշել նաև, որ ԱՄՆ-ն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերած համաձայնագրի կողմ չէ, և այդ համաձայնագրում խոսվում է ռուս խաղաղապահների միջոցով դրա կետերի պահպանման ապահովման մասին։  Եվ կարծում եմ՝ կարող ենք ասել, որ  Ռուսաստանը ձախողել է, ու դա պատճառներից մեկն է, որ հայերը սկսում են վերանայել իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ:

Ավելի խորը՝ էներգակիրների խնդիրը հրատապ լուծումներ է պահանջում, և եվրոպական եւ աշխարհի շատ այլ երկրները եզրակացության են եկել, որ սխալ է էներգետիկ ռեսուրսների առումով ՌԴ-ից բացարձակ կախվածության մեջ լինել: Մենք արդյունավետորեն աշխատել ենք ադրբեջանցիների հետ, որպեսզի օգնենք նրանց մինչև 2027 թվականը կրկնապատկել Եվրոպա մատակարարվող գազի ծավալը՝ 10-ից հասցնելով շուրջ 20 միլիարդ խորանարդ մետրի: Հարավային գազային միջանցքը շատ կարեւոր է տարածաշրջանում էներգետիկ բազմազանություն ապահովելու համար: Նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պետք է շարունակի գործել, ինչը եւս շատ կարեւոր է: Մեր հիմնական խնդիրն է օգնել մեր ընկերներին, գործընկերներին և դաշնակիցներին ազատվել այն անելանելի իրավիճակից, որում ռուսական էներգակիրները պահել են նրանց սերունդներ շարունակ»:

Սենատոր Մըրֆին հակադարձեց. «Այլընտրանքը մի բռնապետությունից մյուս բռնապետության անցո՞ւմն է։ Հարց է առաջանում՝ մենք ֆինանսավորում ենք ԼՂ  հայերին կոպիտ շրջափակման ենթարկելու Ադրբեջանի ջանքե՞րը։ Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ վերահաստատում է հիմնական նպատակը, որը կայանում է Եվրոպան առհասարակ գազի և նավթի կախվածությունից ազատելու մեջ, քանի որ, կարծես թե, տարածաշրջանում ընտրություն կատարելու արժանի տարբերակներ չկան»:

Կիմն էլ ասաց. «Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները որևէ երկրից, ռեսուրսից կա աղբյուրից կախվածության մեջ չլինեն, այլ ուզում ենք, որ նրանք էներգետիկ ռեսուրսների բազմազան աղբյուրներ ունենան, որպեսզի կոնկրետ ոչ մեկի գերին չդառնան»:

Սենատոր Մըրֆին անդրդրվելի էր. «Սակայն մենք տեսնում ենք այդ բազմազանության համակարգն ապահովող երկրների միջև համագործակցության նշանակալի աճ, բոլորին վերջերս ականատես եղանք՝ ինչպես Սաուդյան Արաբիան եւ ՌԴ-ն համաձայնության եկան նավթի գինը բարձր պահել, որ Ռուսաստանը կարողանան շարունակել պատերազմի ֆինանսավորումը: Այսինքն, մի շարք բռնապետություններից կախվածություն ենթադրող այս համակարգը կարող է չհանգեցնել այն ռազմավարական օգուտներին, որ ակնկալում ենք»: