ԱՄՆ-ը դիտարկում է այլընտրանքային երկրներ՝ Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումից հետո հակաահաբեկչական առաքելությունների համար իր անօդաչու թռչող սարքերի հենակայանները տեղակայելու նպատակով: Այս մասին հայտարարել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեյմս Հեքերը։
«Ասեմ, որ մի քանի վայրեր կան, որ դիտարկում ենք, բայց դեռ ոչինչ հաստատված չէ։ Մենք այս մասին խոսել ենք որոշ երկրների հետ»,- նրա խոսքերն է մեջբերում Defense One-ը:
Ավելի վաղ Հեքերը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը վերսկսել են ակտիվ գործողությունները Նիգերում տեղակայված իրենց հենաայանների տարածքում՝ տեղական իշխանությունների կողմից թույլտվություն ստանալուց հետո։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԱՄՆ-ը չի վերսկսում համագործակցությունը Նիգերի հետ ահաբեկչության դեմ պայքարում։
Սեպտեմբերի 8-ին Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Նիգերում ամերիկյան զինվորականների թիվը մոտ ապագայում կարող է կրկնակի կրճատվել, քանի որ Պենտագոնը որոշում է կայացրել վերատեղակայել զորքերը՝ որպես նախազգուշական միջոց այն բանից հետո, երբ ապստամբները հուլիսի վերջին նախագահ Մոհամեդ Բազումին հեռացրեցին իշխանությունից։





























