Սաուդյան Արաբիայի իշխանությունները դավաճանության մեղադրանքով մահապատժի են ենթարկել երկու զինվորականի, հայտնում է Սաուդյան գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մաջեդ բեն Մուսա Ավադ ալ-Բալավին և ավագ սերժանտ Յուսեֆ բեն Ռիդա Հասան ալ-Ազունին ձերբակալվել և մահապատժի են դատապարտվել 2017թ.-ին։ Դատարանը վճռել է, որ երկու զինծառայողներն էլ մեղավոր են դավաճանության, հրամանը չկատարելու և «ազգի շահերը պաշտպանելուց հրաժարվելու» մեջ։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալներն ընդունել են մեղքը։ Թագավորական հրամանագրի համաձայն՝ պատիժն իրականացվել է հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Թաիֆ քաղաքում։
2021 թվականի ապրիլին Սաուդյան Արաբիայի իշխանությունները դավաճանության և «թշնամու հետ համագործակցելու» համար մահապատժի են ենթարկել երեք զինվորականների։





























