Բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ այժմ Ալժիրում է։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է հրամանատարի շրջապատի աղբյուրը՝ հաստատելով այս տեղեկությունը լուսանկարներով։

«Աղբյուրները Սուրովիկինի այցը Ալժիր կապում են այն փաստի հետ, որ «երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը արտաքին քաղաքականության իրականացման գործում մեծ նշանակություն է տալիս արևելյան ուղղությանը»։ «Ակնհայտ է, որ Սուրովիկինի նկատմամբ պահպանվում է ամենաբարձր մակարդակով վստահությունը, և հնարավոր է, որ գեներալի այցը կապված լինի նրա հնարավոր նշանակման հետ այն պաշտոնում, որը կապված կլինի արևելյան ուղղությամբ աշխատանքի հետ»,- նշել է աղբյուրը։

Բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը 2017 թվականի մարտից դեկտեմբերը Սիրիայում ռուսական զինված ուժերի խմբավորման հրամանատարն էր։ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին նշանակվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին նա նշանակվել է Ուկրաինայում ռազմական գործողության ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար։ 2023 թվականի հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Սուրովիկինին ազատեց Ուկրաինայում ռուսական խմբավորման հրամանատարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակեց ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։  Սուրովիկինը դարձավ հրամանատարի տեղակալ։

2023 թվականի մայիսին «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Սերգեյ Սուրովիկինը կվերահսկի Ռուսաստանի Զինված ուժերի և ռազմական ընկերության միջև զինամթերքի մատակարարումների վերաբերյալ երկխոսությունը։ 2023 թվականի հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները՝ Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ, խռովություն կազմակերպեցին։ Նույն օրը հրապարակվեց տեսանյութ, որում  Սուրովիկինը դիմում է ՄՌԿ-ի մարտիկներին և կոչ անում կանգ առնել։

Հունիսի 24-ից գեներալը դադարել է հայտնվել հանրային տարածքում։ The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները, պնդում էր, որ  Սուրովիկինը գիտեր ապստամբության նախապատրաստման մասին, որի նպատակը Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության փոփոխությունն էր։ Օգոստոսի 22-ին լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում էին, որ   Սուրովիկինն ազատվել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել հրաժարականի մասին, սակայն սեպտեմբերին պաշտպանության գերատեսչության կայքից անհետացել են գեներալի մասին հիշատակումները։ Սեպտեմբերի 6-ին Պետդումայի տեղակալ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ  Վիկտոր Զավարզինն ասել է, որ Սերգեյ Սուրովիկինի համար  «լավ» պաշտոն են  գտել «ԱՊՀ շրջանակում»։