Եթե ամփոփենք «Հայաքվեի» 100 դիտորդների ստացած տվյալները, ապա կարող է մի քանի հազար ձայնի վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը։
Նա նշել է, որ ընտրատեղամասերից յուրաքանչյուրում, որտեղ ներկա են եղել «Հայաքվեի» դիտորդները, մի քանի տասնյակ դեպքերում առաջացել է ընտրաթերթիկների անվավեր լինելու հարցը։
Սարգսյանը ավելացրել է, որ «Հայաքվեի» դիտորդները ակտիվ պայքար են մղել, որպեսզի ճմրթված կամ արդեն նշում ունեցող ընտրաթերթիկները, որոնք հիմնականում փորձել են խցկել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրաթերթիկների տրցակի մեջ, անվավեր ճանաչվեն։
«Բացի այդ, պայքար է մղվել նաեւ այն բանի համար, որպեսզի որեւէ ընդդիմադիր ուժի ընտրաթերթիկները անհիմն պատճառով անվավեր չճանաչվեն։ Նման պատկեր գրանցել ենք 100 ընտրատեղամասերում, որտեղ ներկա են եղել մեր դիտորդները, այն դեպքում, երբ ամբողջ Երեւանում ձայների հաշվարկը վարվում է 475 տեղամասերում»,- ավելացրել է նա։
Եվ եթե դա արտածվի նաեւ մնացած տեղամասերի վրա, ապա, նրա ենթադրությամբ, կարող է առաջանալ մինչեւ 10 հազար ձայնի վերահաշվակի անհրաժեշտություն։





























