Վերջին օրերին հայկական բանակում զոհված տղաներին ես համարում եմ իմ զավակները: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գարեգին Նժդեհի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Խիստ մտահոգիչ է Հայոց բանակում ստեղծված իրավիճակը` խաղաղ պայմաններում մեր զինվորների մահվան դեպքերը: Մեր բանակը կարող է նվաճել իսկական համազգային արժեքի բարձունքը: Մենք հպարտ ենք մեր զինվորներով, սպաներով ու բանակի բարեխիղճ ղեկավարներով, զորավարներով: Բայց որեւէ պատճառ, պատրվակ, արդարացում չկան վերջին մեկ շաբաթվա ընթացքում խաղաղ պայմաններում այդքան զոհ ունենալուն: Եւ թող նախագահ լինի, թե վարչապետ, թե ընդդիմադիր ղեկավարներ՝ ինձ համար երկրորդական է, բայց ամեն մեկը իր վրա այդ հարվածը պետք է զգա: Ինչպե՞ս կարելի է թշնամու կրակագծից հեռու, խաղաղ պայմաններում, հաղթանակած բանակում 20-ամյա պետության տարեդարձից հետո թույլ տալ այնպիսի վիճակ, որ երեւանցին, գյումրեցին, վանաձորցին կամ Արարատյան դաշտավայրից զորակոչված երիտասարդը զոհվի: Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, ես կասեմ` ես եմ, բայց առաջին հերթին` գործող նախագահը, իշխանությունը ինքը պետք է պատասխան տա»,- ասել է նա:




























