Երեւանում, այսօր` հոկտեմբերի 18-ին, կայացել է ԵԱՀԿ աջակցությամբ հանրությանը ներկայացված ուսումնասիրության թեման` վկաների պաշտպանության միջազգային չափորոշիչները, նախաքննության եւ դատաքննության ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները եւ վկաների պաշտպանության բարելավման գործնական առաջարկները:
Ուսումնասիրությունը ներկայացնում է միջազգային չափորոշիչների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում` ազգային օրենսդրական մանրակրկիտ վերլուծություն եւ գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
«Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունն երաշխավորելու համար»,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. «Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հավելել է. «Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշպանությանը, ինչպես նաեւ երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Այս ուսումնասիրությունն օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ եւ ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսեւորումները:
Զեկույցում ներկայացված առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարավորություն` օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում վկաների պաշտպանության միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, եւ վկաների` քննչական բաժիններ այցելությունների արձանագրում:
Առաջարկությունները հիմնված են քննիչների եւ փաստաբանների հարցումների ուսումնասիրության արդյունքների վրա, ինչպես նաեւ փաստաբանների կողմից ավարտված գործերի վերլուծությունների: Այցելություններ են կատարվել նաեւ Շիրակի, Լոռիի եւ Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններ` դիտորդելու դատավարական իրավունքների պաշտպանությունը:




























