Բնապահպանները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ շարունակում են բնապահպանության նախարարությունից պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը Թռչկանի ջրվեժի տարածքում: Բնապահապանների կարծիքով, ՀԷԿ-ի կառուցումը կվնասի բնության այդ հուշարձանի բաղադրիչ մասը` ջուրը:

Ինչպես NEWS am-ի թթակցի հետ զրույցում նշել է «Գեոֆոն» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Մարտիրոսյանը՝ տարածքում ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը Բնապահպանության նախարարությունը ստացել է անօրինական ճանապարհով, այսինքն ըստ բնապահպանի, միայն համայնքի ղեկավարի թույլտվություն ստանալը բավարար հիմք չպետք է հանդիսանար ջրվեժի տարածքում շինարարություն սկսելու համար:

Թռչկանի ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նախարարության թույլտվությունն անօրինական համարող բնապահպանները դիմում են հասցեագրել  բնապահպանության նախարարին՝  պահանջելով անհապաղ դադարեցնել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը Հայաստանի ամենաբարձր եւ ջրառատ ջրվեժի տարածքում, որը բնության հատուկ պահպանվող տարածք է ճանաչվել:

«Ռոբշին» ՍՊԸ-ն, որն ստացել է համապատասխան լիցենզիան, ջրվեժի տարածքում  արդեն սկսել է շինարարական աշխատանքները: Իսկ  բնապահպանները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի եւ զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը:

Գյումրիում գործող «Օրհուս» բնապահպանական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ ինքը զարմացած է ստեղծված իրավիճակով. «Զարմացած եմ ստեղծված իրավիճակի վերաբերյալ  Հայաստանի կառավարության  ցուցաբերած անտարբերությամբ, հատկապես այն պարագայում, երբ  մշտապես խոսվում է Հայաստանոմ զբոսաշրջությունը զարգացնելու մասին, միեւնույն ժամանակ ոչնչանվում են այն վայրերը, որոնք գրավում են օտարերկրացիներին»,-ասել է «Օրհուս»-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ բնապահպանները նաեւ կառավարության շենքի դիմաց էին բողոքի ակցիա կազմակերպել: «Գեոֆոն» ՀԿ նախագահ Լեոն Մարտիրոսյանի  խոսքով, զարմանալին այն է, որ ԲՆ-ի համար հիմք հանդիսացել է միայն համայնքի բնակիչներից մի քանիսի թույլտվությունը:

Ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվությունն անօրինական համարող մի շարք հասարակական կազակերպությունների անդամներ  այժմ սկսել են ակտիվ քննարկում իրականացնել նաեւ սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խորագրով էջ, որտեղ անդամները եւ խնդրով մտահոգ քաղաքացիները կառավարության եւ բնապահպանության նախարարության ուշադրությունն են հրավիրում այն հարցի վերաբերյալ, որ շինարարության մեկնարկը անօրինական է:

Բնապահապանները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են  նաեւ վարչապետին եւ համապատասխան նախարարությանը, հիշեցնելով, որ թռչկանի ջրվեժը ներառվել է հանրապետության բնության հուշարձանների ցանկում, եւ ըստ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի՝ նման վայրերում արգելվում է շինաշխատանքներ իրականացնելը: Հիմա սպասում են նամակի պատասխանին: