ՄԱԿ-ը կարեւորում է կրթության դերը հանրային կյանքում եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում  ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային:

NEWS.am-ին ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել է «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում» ծրագրի ընթացքը, որն իրականցվում է կրթության եւ գիտության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNESCO) համագործակցությամբ:

Կարեւորելով մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ ծրագիրը` ԿԳ նախարարն ընդգծել է. «Կրթության ոլորտի կարողությունների եւ հմտությունների զարգացումն առաջնահերթ խնդիր է: Գլխավոր նպատակը կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումն է»: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ներկայացնելով «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, նշել է, որ արդեն ավարտվել է առկա վիճակի հետազոտությունն ու վերլուծությունը:

Այժմ միջազգային փորձագետները ԿԳՆ աշխատակազմի հետ համատեղ աշխատում են առաջարկությունների ու դրանից բխող գործողությունների պլանի մշակման ուղղությամբ: Վերջնական մշակումից հետո ծրագիրը կհրապարակվի: