Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է և այն ինչ տեղի է ունենում իր հանդեպ, հերթական փորձն է իրեն լռեցնելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եթե Նարեկին մի քիչ ճանաչեին, կհասկանային, որ դա չի կարող արդյունք տալ։  Նարեկը և մյուս քաղբանտարկյալները, որոնց թիվը արդեն մի քանի տասնյակ է, այս փորձությունից ավելի ուժեղացած են դուրս գալու։ Որքանով ես եմ տեղյակ արգելանք է դրվել տեսակցությունների, հեռախոսազանգերի վրա, բայց իրենք իրենց արշինով են փորձում չափել ընդդիմադիրներին։ Այս հինգ տարիների փորձը ցույց տվեց, որ հայրենասերները չեն կոտրվում: Լավ կլիներ, որ իրենք էլ դա հասկանային»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացված վերաքննիչ բողոքը՝ «Չաուշեսկուների» անունը ստացած գործով։