Ձեզ համար պատի՞վ է Դոգի «Հանրային ձայն» կուսակցության պասիվ աջակցությամբ քաղաքապետ ընտրվելը, որովհետեւ եթե նրանք չմասնակցեին ավագանու նիստին, այս ընտրությունը տեղի չէր ունենա: Այս հարցը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ուղղեց Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանին: 

Ի պատասխան Ավինյանն ասաց. «Արձանագրումը, որ ընտրությունները եղել են ազատ, արդար եւ թափանցիկ, շատ կարեւոր է, եթե շարունակենք հակառակ թեզերը առաջ տանել, մեր հասարակությունը, մեր երկիրը դրանից չի շահելու: 

Ինձ համար մեծագույն պատիվ է առաջին հերթին, որ Երեւան քաղաքում 32 տոկոսից ավելի երեւանցիներ իրենց քվեն տվել են մեր ուժին, հավատացել են մեր ծրագրերին: Ինձ համար մեծագույն պատիվ է լինելու ծառայել նրանց որպես Երեւանի քաղքապետ, եւ ինձ համար մեծագույն պատիվ է լինելու իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք խոստացել ենք իրականացնել: Մենք այդ ծրագրերը իրականացնելու ենք:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, երեւանցիները իրենց ձայնը տվել են 5 քաղաքական ուժերի եւ նրանք ամեն մեկն իր ձեւով իր դիրքորոշումները հայտնել է: Մի ուժ որոշել է, որ ուզում է բոյկոտել այս նիստը, մեկ այլ ուժ որոշել է, որ չի ուզում բոյկոտել այս նիստը: Մենք եւ «Հանրապետությունը» որոշում ենք կայացրել, որ միասին հուշագիր ենք ստորագրելու եւ միասին ենք կիսելու պատասխանատվությունը: Մնացած հարցերը պետք է տաք մնացած ուժերին»;

Ավինյանը նաեւ հայտարարեց, որ իրենք արտահերթ ընտրություններից չեն վախենում, որովհետեւ այդտեղ շատ մտահոգվելու բան չունեն: 

Նշենք, որ այսօր՝ Երեւանի ավագանու անդրանիկ նիստում Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքպետ: նա միակ թեկնածուն էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, եւ քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա ձեւավորել:

Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց եւ նիստը կայացավ: