Արաբական միացյալ էմիրությունների Խորֆական քաղաքում, հոկտեմբերի 13-20-ին, կայացել է հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են երկու բազմապրոֆիլ մարզիկներ` գյումրեցի Գրետա Վարդանյանը եւ ոսկեվազցի Սամվել Ասատրյանը: Հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել են աշխարհի շուրջ 25 երկրի մարզիկներ:
Գրետա Վարդանյանը մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` արժանանալով արծաթե մեդալի:
25-ամյա Գրետան, զրկվելով երկու ոտքերից, հաշմանդամ է դարձել 1988 թ. Երկրաշարժի հետեւանքով, սակայն հաղթահարելով մի շարք դժվարություններ, արդեն 6 տարի զբաղվում է հաշմանդամային ծանրամարտով: Բազմապրոֆիլ մարզիկը մասնակցել է մի շարք մրցումների, իսկ 2007 թ. Հունաստանում անցկացված Եվրոպայի բաց առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:
«Երազում եմ պարալիմպիկ չեմպիոն դառնալ, որի համար շատ եմ աշխատում, մարզվում, շատ մեծ ակնկալիքներ ունեմ ու անհամբեր սպասում եմ Դուբայ մեկնելուն»,- օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Գրետան:
Հիշեցնենք, որ պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունը ֆինանսավորվել է ՀՀ վարչապետի միջնորդությամբ եւ «Քլինլենդ» ընկերության հովանավորությամբ:
Հայաստանը պարալիմպիկ խաղերին մասնակցում է 1996-ից, մինչեւ այժմ խաղերին մասնակցել է 11 հայ մարզիկ` ներկայացնելով առագաստանավային, հաշմանդամային ծանրամարտ, լող, թեթեւ ատլետիկա, լեռնադահուկային մարզաձեւերը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցած մեր մարզիկները կժամանեն Երեւան:



























