Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է «Գրական տապան 2011»  ծրագրի շրջանակներում եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ գրողների` ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանի ուղեկցությամբ:

NEWS.am-ին Մայր Աթոռի մամուլի դիվանից հայտնեցին, որ Վեհափառ Հայրապետը գոհունակություն  է հայտնել եվրոպական գրողների ու հայ գրական աշխարհի ներկայացուցիչների համագործակցության կապակցությամբ: «Գիրն ու գրականությունը հասարակության հոգեւոր-բարոյական նկարագրի ամենաանաչառ ցուցիչն են: Աստվածաշնչում ասվում է, որ «սրտի լիությունից է խոսում բերանը», այսինքն` մարդ խոսում, գրում եւ արտահայտում է այն, ինչ որ իր հոգում կրում է: Այս առումով, անշուշտ, յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն մտածողությունն ունի, սակայն մենք կարծում ենք, որ քրիստոնեական արժեքներ կրող ազգերի գրականությունը, սնվելով քրիստոնեական հարուստ մշակութային ժառանգությունից, պետք է ուղղված լինի մարդու ներքին հոգեւոր շինվածքի կերտմանը, զորացմանը, ամրացմանն ու հարստացման»: Հանդիպման ավարտին Վեհափառը գրողներին մաղթել է նորանոր ներշնչանքներ, որպեսզի նրանց հայաստանյան տպավորությունները նոր աղբյուր դառնան հետագա ստեղծագործական կյանքում: Կաթողիկոսը նաեւ պատասխանել է գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը եւ միջեկեղեցական հարաբերություններին: