Հայաստանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մասին որոշում են կայացրել:

Գասպարին կասկածվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասին եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Այս առնչությամբ, հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը, որում ասվում է.

«Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների Կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության քննչական բաժին եւ ապօրինաբար ձերբակալվել։

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել ոստիկանական ապօրինությունների դեմ պայքարելու վճռականությամբ, միեւնույն ժամանակ ընդգծված օրինապաշտ կեցվածքով։ Սառնասրտորեն դիմակայելով ոստիկանների սադրանքներին, Վարդգես Գասպարին այսօր նույնպես գործել է օրենքի տառին համահունչ։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Ոստիկանության ապօրինի պահվածքը, համարելով, հատկապես նկատի ունենալով որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել Ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան»: