Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդուն քննադատում են այն բանի համար, որ նա մնացել է Մայամիում, այն դեպքում, երբ պահեստայինները վերադարձել են տուն ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելու համար։

32-ամյա Յաիր Նեթանյահուն Ֆլորիդայում է ապրիլից, այն բանից հետո, երբ հայրը նրան խորհուրդ էր տվել այլեւս չհրապարակել հրահրիչ գրառումներ սոցցանցերում, ինչի պատճառով նրան զրպարտության համար մի քանի անգամ դատի են տվել, գրել է Daily Mail-ը։

Այդ ընթացքում զորակոչվեցին 360 000 պահեստայինները, նրանցից շատերը մի կողմ նետեցին ամեն ինչ, որպեսզի վերադառնան Իսրայել, եւ անգամ հրաժարվեցին մեղրամսից։

Բայց Յաիրը մնաց Մայամիում՝ զայրացնելով շատ զինվորների։ «Յաիրը կյանքը վայելում է Մայամի Բիչում, իսկ ես առաջնագծում եմ»,- The Times-ին ասել է մի զինվոր-կամավորական, որը ծառայում է Իսրայելի հյուսիսային ճակատում։

Գազայի հատվածի սահման ուղարկված մեկ այլ զինվոր ասել է. «Ես եկել եմ Նահանգներից, որտեղ աշխատանք ունեմ, կյանք, ընտանիք։ Ես չեմ կարող մնալ այնտեղ եւ լքել իմ երկիրը, իմ ժողովրդին այս կրիտիկական պահին։ Որտե՞ղ է վարչապետի որդին։ Ինչո՞ւ նա Իսրայելում չէ»։

Յաիրը, որը թատրոն է ուսումնասիրել միջին դպրոցում, պարտադիր զինվորական ծառայություն է անցել եւ աշխատել ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչական ստորաբաժանումում, բայց մարտական զինվոր չի եղել։

Զինվորական ծառայությունը պարտադիր է իսրայելցիների մեծ մասի համար, երբ լրանում է նրանց 18 տարին։ Տղամարդիկ պետք է ծառայեն 32 ամիս, կանայք՝ 24։

Դրանից հետո նրանց մեծ մասը կարող է զորակոչվել պահեստային զորամասեր մինչեւ 40 եւ անգամ ավելի մեծ տարիքում, եթե երկրում արտակարգ դրություն է, եւ պատերազմի ժամանակ նրանք կողք կողքի կռվում են կանոնավոր զորքերի հետ։

Պահեստայինները նաեւ կատարում են ոչ մարտական դերեր, իսկ դա նշանակում է, որ առաջնագծում Յաիրի փորձ չունենալը նրան ինքնաբերաբար չի ազատում պատասխանատվությունից։

Իսրայելցիներն արտասահմանում օգտագործում են WhatsApp չաթերը, որպեսզի կազմակերպեն իրենց վերադարձը՝ տեղեկություններ փոխանակելով այն մասին, թե որտեղ կան հասանելի չվերթներ, ասել է 26-ամյա Յեդիդյա Շալմանը, որը Թաիլանդում իր մեղրամիսն էր անցկացնում, երբ բռնությունն սկսվեց Գազայի հատվածում։

«(Մենք) ստեղծեցինք խմբեր WhatsApp-ում գրեթե ամբողջ աշխարհում, մենք մարդկանց կոչ արեցինք միանալ մեզ եւ աստիճանաբար աշխատեցինք, որպեսզի վերադարձնենք որքան հնարավոր է շատ պահեստայինների Իսրայել»,- ասել է նա Reuters գործակալությանը՝ նշելով, որ ինքը եւ իր կինը առանց տատանվելու կրճատել են իրենց տոնը։

«Իհարկե, մենք երկար չմտածեցինք, եւ հիմա թռչում ենք տուն El Al ավիաընկերության ինքնաթիռով»,- ասել է նա WhatsApp-ով։