Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները  թույլ չեն տալիս դա անել, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է  Մոսկվայում այցով գտնվող քաղբյուրոյի անդամ, ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։

«Ինտենսիվ ռմբակոծություններ, զանգվածային սպանություններ և ավերածություններ են տեղի ունենում: Նրանք ռմբակոծում են ինչ պատահի՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և (պատանդների տեղաշարժը - խմբ.) ուղղակի անհնար է, մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի փրկությունը»,- պարզաբանել է նա։

Քաղբյուրոյի անդամի վկայությամբ, Իսրայելի հարվածներն արդեն սպանել են ավելի քան 7000 մարդու, այդ թվում՝ 3000 երեխաների, ոչնչացրել են 250.000 բնակարանային միավոր:

Ինչպես նշել է Աբու Մուրզուկը, շարժումը էսկալացիայի առաջին օրվանից ասում  էր, որ չի ցանկանում պատանդ պահել  քաղաքացիական անձանց, սակայն իրեն անհրաժեշտ են համապատասխան պայմաններ նրանց ազատման և անվտանգ վերադարձի համար: Միևնույն ժամանակ, Իսրայելը, ըստ նրա, հրաժարվել է արձագանքել «այս մարդասիրական կոչին» և շարունակել է ռմբակոծությունը «քանի դեռ այդ պատանդներից մոտ 50-ը չսպանվեցին»:

Հինգշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամ»-ի, բրիգադների ներկայացուցիչ  Աբու Ուբայդան հայտարարել էր, որ շարժման գնահատմամբ, մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով:

Շարժումը ավելի վաղ հայտնել էր իսրայելական հրետակոծության հետևանքով առնվազն 21 պատանդների, այդ թվում՝ չորս օտարերկրացիների զոհվելու մասին։

Տարբեր գնահատականներով, հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում գերեվարված 200-250 պատանդները տեղափոխվել էին Գազայի հատված։