Գյումրին տղամարդ քաղաք է եւ դա քաղաքապետից է գալիս: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, Գյումրիում, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Գյումրի է ժամանել քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար:
«Մենք պարտավոր եք մեր հայրաքաղաքը կառուցել, Գյումրին իրեն միշտ պահել է հոր նման, որպես տղամարդ եւ մենք իրոք շատ բան ունենք սովորելու»,-ասել է Հովիկ Աբրահամյանը Գյումրի քաղաքի օրը, լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը Գյումրի է ժամանել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեորգյանի հետ միասին՝ Գյումրիի օրվա տոնական միջոցառումներին մասնակցելու եւ գյումրեցիներին շնորհավորելու համար:
Լրագրողների հետ զրույցում, հարցին թե քաղաքի զարգացման համար հետագա ի՞նչ ծրագրեր կան, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ճիշտ կլիներ, որ կառավարության ղեկավարին այդ հարցը հղեիք, բայց ասեմ, որ Գյումրիում մի խնդիր կա, որ կառուցապատումն ավարտենք, շինարարությունն ավարտենք, աշխատատեղերի մասին պիտի մտածենք, ինչ որ արտադրություն, ներդրումներ լինեն: Երկրաշարժից հետո գյումրեցին իրեն իսկական տղամարդու պես է պահել: Մենք ականատես ենք եղել, որ նա ցուրտ տնակներում պայքարել է, ոչ մի անգամ չի տրտնջացել եւ մենք այսօր պարտավոր ենք հանրապետության նախագահի գլխավորությամբ այդ բացթողումները լրացնել: Վերակառուցումն ավարտենք եւ ապահովենք գյումրեցիներին աշխատանքով, որպեսզի իրենք բարեկեցիկ կարողանան ապրել»:
Ապա ԱԺ նախագահը հավելել է, որ Գյումրիի համար պատրաստ են ցանկացած օրենք քննարկել, տալ հնարավորություն, որպեսզի Գյումրիում տնտեսությունը զարգանա, մարդիկ շահագրգռված լինեն այստեղ ներդրումներ կատարել: «Նման առաջարկ եթե լինի որեւէ գործարարի կողմից, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե դա ԱԺ-ն է որոշելու, բայց պատարաստ ենք պաշտպանելու կոալիցիայով եւ հնարավորություն տալու: Գյումրիում ներդրումներ կատարելու համար մենք նաեւ պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:




























