Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հոկտեմբերի  22-ի իր որոշմամբ, ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ 2-ամյսյա կալանքի որոշում է կայացրել: Միաժամանակ, դատարանը կիրառել է 800 հազար դրամի գրավ, ինչը նշանակում է, որ այդ գումարը վճարելուն պես, Գասպարին ազատ կարձակվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր հիշյալ դատարանը քննում էր Վարդգես Գասպարիին կալանավորելու միջնորդությունը, իսկ դատարանի առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մասին որոշում են կայացրել: Գասպարին մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասին եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Նրան բերման են ենթարկել Կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգով:

Այս պահին «Բանակն իրականում» նախաձեռնությունը հանգանակություն է սկսել, որպեսզի մինչեւ ժամը 22:00-ն հավաքվի այդ 800 հազար գումարը եւ նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ազատ արձակվի:

«Նրա ազատությունը կախված է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՑՍ: Մինչեւ ԱՅՍՕՐ ժամը 22:00 մենք կսպասենք ձեր հանգանակություններին Թրանսփարենսի Ինթերնեյշնլի գրասենյակում. հասցե` Այգեստան, 9րդ փողոց, տուն 6 (Ջոն Կիրակոսյանի` Ձերժինսկու անվ. դպրոցից 100 մետր աջ): Մեր համարները` 093-447643, 091-433278, 091-520204, 091-200971: «Բանակն Իրականում» նախաձեռնող խումբ»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ողջ օրվա ընթացքում դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթացել, որի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ «Գասպարիին` ազատել, Գասպարյանին` դատել», (Գասպարյանը ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն է-խմբ) բովանդակությամբ:

Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են փողոցի երկայնքով, մեջքով դեպքի դատարանը եւ պաստառները բռնած՝ պահանջել ազատ արձակել Վարդգես Գասպարիին: Պաստառների վրա եղել են նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի նկարները` «Զգուշացեք վտանգավոր է» մակագրությամբ: