Գյումրին ու գյումրեցիներն այսօր, հոկտեմբերի 22-ին, նշել են քաղաքի օրը: Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Գյումրի են ժամանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը եւ այլք:
Հյուրերին դիմավորել են ավանդական աղ ու հացով` քաղաքի մուտքի մոտ: Այնուհետեւ պատվիրակությունը մեկնել է«Մուշ-2» նորակառույց թաղամաս, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ: Շինհրապարակում շրջելուց եւ աշխատանքներին ծանոթանալուց հետո, Քաղաքաշինության նախարար Վարդան վարդանյանը հայտարարել է, որ «չնայած շրջանառվող տեղեկություններին՝ շինարարությունը Գյումրիում չի դադարելու, միայն հետաձգվելու է բնակարանների վիճակահանությունը, որը կապված է փաստաթղթերի հետ»:
Այնուհետեւ պատվիրակությունը եղել է Գյումրիի «Շիրակ» գերեզմանատանը, այցելել այն ազատամարտիկների շիրիմներին, ովքեր զոհվել են արցախյան հերոսամարտի ժամանակ: Նրանց շիրիմները վերանորոգվել են վերջերս:
Պաշտոնական պատվիրակության հաջորդ կանգառը եղել է Գյումրիի «Հրաշքների տուն»խաղասրահը, որն ըստ հավաստի տեղեկությունների, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի բիզնես-սեփականությունն է: Վերջում հյուրերը Գյումրիի հրապարակում մասնակցել են օրվա տոնական մասին: Գյումրիի օրվա միջոցառումները կշարունակվեն մինչեւ ուշ գիշերը եւ կավարտվեն հրավառությամբ:




























