Նեպալի վարչապետ Փուշպա Քամալ Դահալը, որը հայտնի է Պրաչանդա կուսակցական մականվամբ, մեկնել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին տեղեկացրել է The Himalayan Times թերթը՝ հղում կատարելով նրա խորհրդական Գովինդ Աչարյային։
Պրաչանդային ուղեկցում է փրկարաների խումբը։ Սպասվում է, որ նրանք նաեւ հումանիտար օգնություն կհասցնեն։ Պարբերականը, սակայն, չի նշել, թե որ շրջան է մեկնել վարչապետը։ Ամենաշատ ավերածություններ եւ զոհեր կան Ջայարկոտում եւ հարեւան Արեւմտյան Ռուքումում։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություններ է հայտնել զոհերի ընտանիքներին եւ հավաստիացրել, որ Դելին պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Նեպալի իշխանություններին աղետի հետեւանքները վերացնելու գործում։
Ուրբաթ Նեպալի արեւմուտքում տեղի էր ունեցել երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Ջայարկոտ շրջանում՝ Ջումլա քաղաքից 36 կիլոմետր հարավ-արեւելք։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,6, Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը՝ 6,4։ Տարերքի հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 128 մարդ, ավելի քան 150 մարդ տուժել է։



























