Ցյուրիխի շվեյցարական Բարձրագույն տեխնիկական դպրոցի (ETH Zurich) գիտնականները պարզել են ածխաթթու գազի օպտիմալ խտությունը, որի դեպքում բարելավվում են մարդու քունը եւ ընդհանուր ինքնազգացողությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Science of The Total Environment (STTE) գիտական ամսագրում։

«Քունը վճռական նշանակություն ունի մեր առողջության, բարեկեցության եւ արդյունավետության վրա։ Ննջասենյակը այն տեղն է, որտեղ մենք քնում ենք եւ անցկացնում մեր կյանքի գրեթե մեկ երրորդը։ Մենք արդեն հետազոտել եւ հաստատել ենք քնի վրա անբավարար օդորակման բացասական ազդեցությունը ննջասենյակներում, բայց միայն լաբորատոր պայմաններում։ Ապացույցներ չկային, որոնք կհաստատեին այս եզրակացությունը իրական համատեքստում»,- ասել է հոդվածի առաջատար հեղինակ Սյաոցզյուն Ֆանը։

Ննջասենյակի օպորակման եւ քնի որակի միջեւ կապը ուսումնասիրելու համար հետազոտողները համալիր թեստեր են անցկացրել 35 մարդու մասնակցությամբ։ 27-64 տարեկան մարդիկ մանրակրկիտ կերպով են ընտրվել, որպեսզի համոզվեն, որ նրանք քնի որեւէ լուրջ խանգարում չունեն եւ քնաբերներ չեն ընդունում։

Չորս շաբաթ տեւած հետազոտության ընթացքում գիտնականները մշտապես հետեւել են ննջասենյակի տարբեր իրադրություններին եւ մասնակիցների քնի ռեժիմին։ Նրանք հավաքել են տվյալներ այնպիսի պարամետրերի մասին, ինչպիսին են ածխաթթու գազի (CO2) խտությունը, համեմատական խոնավությունը, պինդ մասնիկների (PM) մակարդակները եւ ջերմաստիճանը։ Այս չափումները թույլ են տվել պատկերացում կազմել օդի որակի եւ պայմանների մասին ամեն մի ննջասենյակում։

Մասնագետները պարզել են, որ օդափոխման արագությունը զգալի ազդեցություն է թողել ածխաթթթու գազի խտության վրա։ Մասնավորապես, ածխաթթու գազի մակարդակը զգալիորեն բարձր է եղել օդորակման ցածր արագության դեպքում, ինչն էլ սպասելի էր, երբ օդի հոսքը սահմանափակ է։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ածխաթթու գազի օպտիմալ խտությունը ննջասենյակում լավ քնի համար պետք է կազմի ածխաթթու գազի 1 000 միավորից ցածր օդի մեկ խորանարդ մետրի համար։