Իսպանացի հնագետները Վալյադոլիդի համալսարանից եկել են այն եզրահանգման, որ Եվրոպայում առաջին ամենածավալուն պատերազմը տեղի է ունեցել 1 000 տարի ավելի վաղ, քան կարծում էին նախկինում։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։
Մինչ այդ կարծիք կար, որ նման ամենավաղ հակամարտությունը Եվրոպայում տեղի է ունեցել բրոնզե դարում, 4 հազար եւ 2,8 հազար տարի առաջ։ Բայց 5-հազարամյա կմախքների կրկնակի ուսումնասիրությունը թույլ է տվել ենթադրել, որ այդ մարդկանցից շատերը, գուցե, դարձել են Եվրոպայում ամենավաղ պատերազմների զոհը։
Դրանք գտնվել են Իսպանիայի հյուսիսում։ Ոսկորների տարիքը պարզել են ռադիոածխածնային վերլուծության օգնությամբ։
Նույն տեղում հայտնաբերվել են նետերի մոտ 52 կայծքարե ծայրակալներ, նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ դրանցից 36-ը աննշան վնասվածքներ էին ունեցել՝ կապված թիրախը խոցելու հետ։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ մարդկանց 23,1 տոկոսի կմախքներն ունեցել են վնասվածքներ, 10,1 տոկոսը՝ չապաքինվող վնասվածքներ, ինչն ավելի բարձր է այդ պահին տրավմատիզմի հաշվարկային ցուցանիշներից (7-17 եւ 2-5 տոկոս համապատասխանաբար)։
Նրանք նաեւ հայտնաբերել են, որ չապաքինվող վնասվածքների 74,1 եւ ապաքինվողների 70,0 տոկոսը տեղի է ունեցել դեռահասների կամ մեծահասակ տղամարդկանց մոտ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան կանանց մոտ, եւ այդ տարբերությունը չի նկատվել նեոլիթի դարաշրջանի եվրոպական մարդկանց զանգվածային թաղման վայրերում։
Տրավմատիզմի ընդհանուր մակարդակը տղամարդկանց շրջանում թույլ է տալիս ենթադրել, որ շատ մարդիկ ենթարկվել են բռնության եւ գուցե դարձել հակամարտության զոհ։
Հնագետների կարծիքով՝ սա թույլ է տալիս ենթադրել, որ հակամարտությունը տեւել է մի քանի ամիս։
Քարե դարի պատերազմի պատճառները մինչ այժմ պարզ չեն, բայց հեղինակները կարծում են, որ ուշ նեոլիթի դարաշրջանում տարածաշրջանում մարտական գործողությունների առիթ կարող էր դառնալ լարվածությունը տարբեր մշակութային խմբերի միջեւ։




























