Ջորջիայի Քլեմսոն համալսարանի ամերիկացի կենսաբանները գնահատել են խոշոր Joro սարդերի (Trichonephila clavata) ներխուժման մասշտաբները, որոնք հայտնվել են ԱՄՆ արևելքում մոտ 10 տարի առաջ և ամուր հաստատվել նոր միջավայրում: Չնայած իրենց սարսափելի տեսքին և չափերին, այս հոդվածոտանիներն անվնաս են մարդկանց համար, ասվում է գիտական ​​հաստատության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ։

Ըստ գիտնականների եզրակացության, այս ինվազիվ (օտար) տեսակն առաջին անգամ հայտնաբերվել է Ջորջիայում 2014 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակվանից այս արարածներին հաջողվել է հասնել Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Թենեսի, Ալաբամա, Օկլահոմա և Մերիլենդ և Արևմտյան Վիրջինիա, և նրանց  բնակության ներկայիս տարածքը գերազանցում է 74 հազար քառակուսի կիլոմետրը:

Joro սարդերի հայրենիքը գտնվում է Արևելյան Ասիայում, բայց այժմ Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում կլիմայական պայմանները հարմար են դարձել այս կենդանիների համար:

Joro սարդերը,  ոտքերով հանդերձ, կարող են հասնել 10 սմ տրամագծի: Դրանք դեղին և սև գույնի են, ընդ որում էգերն ավելի վառ և մեծ են, քան արուները: Այս տեսակը հեշտորեն երկար տարածություններ է հաղթահարում օդով՝ թողնելով սարդոստայնը  և դրա վրա ճախրելով քամու ուղղությամբ:

Կենսաբանները պնդում են, որ չնայած իրենց օտար ծագմանը, Joro սարդերը չեն սպառնում մարդկանց կամ տեղական էկոհամակարգերին, ուստի խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում չսպանել այդ արարածներին: Եթե ​​սարդը նյարդայնացնում է կամ վախեցնում, կարելի է այն, պարզապես, ավելով   տեղափոխել   այլ տեղ: