Հարավային Կորեայի իշխանությունները փորձում են պարզել երկրում փայտոջիլների հայտնաբերման դեպքերի կտրուկ աճի պատճառները, առայժմ հիմնական ենթադրությունը մնում է Ֆրանսիայից միջատների ներկրումը, ասել է Կորեայի Հանրապետության ներքին գործերի և անվտանգության նախարար Լի Սան Մինը, տեղեկացնում է Yonhap լրատվական գործակալությունը։
«Ես սրա մասին տեղյակ եմ շատ մակերեսային մակարդակով: Հնարավոր է, դրանք բերվել են եվրոպացի ճանապարհորդների կողմից այն բանից հետո, երբ դրանք սկսեցին հայտնվել Փարիզի տարածքում: Անկասկած, դրանք կարող էին ի սկզբանե լինել մեր երկրում, բայց ես դեռ կատարվածի պատճառները վերլուծող զեկույցներ չեմ ստացել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին բյուջեի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա համաձայնել է այն կարծիքին, որ կառավարությունը, չնայած բիզնեսի համար կրած որոշակի վնասներին, չպետք է թաքցնի այն վայրերը, որտեղ հայտնաբերվել են փայտոջիլները, քանի որ հակառակ դեպքում խնդրի լուծումը խնդրահարույց կլինի։ Ըստ նախարարի, ամենայն հավանականությամբ փայտոջիլների դեմ պայքարի հանձնարարականներ կան, բայց քանի որ դրանք վաղուց չեն կիրառվել, ժամանակ կպահանջվի կոնկրետ կանխարգելիչ և վարակազերծման միջոցառումները որոշելու համար։
Հարավային Կորեայում վերջին շրջանում կտրուկ ավելացել են փայտոջիլների հայտնաբերման դեպքերը։ Եթե վերջին 10 տարվա ընթացքում Հիվանդությունների վերահսկման վարչությունը ստացել է ընդամենը ինը համապատասխան ծանուցում, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում այդ թիվը հասել է տասնյակների՝ զանգվածային տարածման մտավախություն առաջացնելով:





























