Մահացել է Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, որը երկրի կոմունիստական իշխանությունից ժողովրդավարության անցման շրջանի հիմնական դեմքերից մեկն էր, կիրակի օրը հայտնել է նրա երկարամյա քաղաքական գործընկերը։ Նա 85 տարեկան էր, հայտնում է Reuters-ը։
Չեխական լրատվամիջոցների հաղորդմամբ, Շվարցենբերգը անցած շաբաթ տեղափոխվել էր Վիեննայի հիվանդանոց։
Echo24 լրատվական կայքը, որն առաջինն է կիրակի օրը հայտնել նրա մահվան մասին, նշել է, որ Չեխիայի նախկին արտգործնախարար կյանքի վերջին պահերին շրջապատված է եղել իր հարազատներով։
Շվարցենբերգը ծնվել է նշանավոր չեխական ընտանիքում և դարձել իր ընկերոջ՝ Վացլավ Հավելի գլխավոր օգնականն այն բանից հետո, երբ այլախոհ Հավելը հաղթեց երկրի 1990 թվականի ընտրություններում: Հետագայում նա երկու անգամ զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը՝ 2007-2013 թվականներին։
Շվարցենբերգն իր կյանքի մեծ մասն անցկացրել է աքսորում, քանի որ նրա ընտանիքը եղել է կոմունիստների հիմնական թիրախներից մեկը, որոնք իշխանությունը վերցրել են 1948 թվականի պետական հեղաշրջման արդյունքում՝ բռնագրավելով Շվարցենբերգների հսկայական ունեցվածքը, ներառյալ ամրոցները, անտառները և գյուղատնտեսական հողերը, որ գտնվում էին հիմնականում երկրի հարավում՝ Ավստրիայի հետ սահմանի մոտ։
1989 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, որը խաղաղ ճանապարհով տապալեց կոմունիստական իշխանությունը այն ժամանակվա Չեխոսլովակիայում, Շվարցենբերգը դարձավ Հավելի աշխատակազմի ղեկավարը։
Շվարցենբերգը որպես սենատոր ավելի ակտիվ դեր ստանձնեց քաղաքականության մեջ 2004 թվականին և օգնեց հիմնադրել TOP09 կուսակցությունը, որն այժմ իշխանության ղեկին գտնվող աջ կենտրոնամետ կառավարական կոալիցիայի կրտսեր անդամն է:
2013-ին Շվարցենբերգը առաջադրվեց նախագահական ընտրություններում, բայց պարտվեց Միլոշ Զեմանին՝ 1989-ից հետո չեխական քաղաքականության մեկ այլ նշանավոր դեմքի, որն այս տարվա սկզբին ավարտեց նախագահի իր երկրորդ ժամկետը:




























