Մեր նախաձեռնությամբ ԱԺ-ի կողմից օրենք է ընդունվել ապրանքների առգրավման առումով, որը էական ազդեցություն է ունեցել օրինակ, Հյուսիսային պողոտայի հատվածում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով փողոցային առեւտրի խնդրին:
«Ես չեմ ասում՝ այսօր այդ խնդիրը չունենք, դեռ շատ անելիք ունենք այդ խնդիրն ամբողջությամբ լուծելու համար, բայց եթե, օրինակ, առաջ Հյուսիսային պողոտայում կենդանիներից մինչեւ խաղալիքներ ամեն ինչ վաճառվում էր, հիմա էականորեն այլ մասշտաբ է, այսինքն փուչիկների վաճառք կա, բայց այն տոնավաճառը, որին վերածվել էր Հյուսիսային պողոտան, առնվազն ես չեմ տեսնում»,-ասաց նա:
Գրիգորյանի խոսքով, փողոցային առեւտրի դեմ պայքարում հաջորդ կարեւոր գործիքը համայնքային ոստիկանության ստեղծումն է. «Այսօր մենք հաճախ առգրավումներ, այլ միջոցառումներ կազմակերպելու համար ստիպված ենք դիմել ոստիկանության մեր գործընկերներին, որովհետեւ հաճախ ագրավման կամ տուգանման պրոցեսը կոնֆլիկտածին իրավիճակներ է: Ընդհուպ մենք հաղորդում ենք տվել ոստիկանություն, որ հարձակվել են մեր աշխատակիցների վրա, բայց ոստիկանությունն օբյեկտիվորեն չի կարողանում յդքան ռեսուրս տրամադրել դրա համար: Մենք սեփական ռեսուրսները գեներացնելու խնդիր ունենք»,- ընդգծեց փոխքաղաքապետը:




























