Ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը կոչ է արել «ամերիկյան հզորության նոր հիմքը դնել»՝ միաժամանակ խոստանալով «խուսափել ձգձգվող, անվերջանալի պատերազմներից»։
Foreign Affairs-ում հրապարակված հոդվածում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կոչ է արել բարեփոխել արտաքին քաղաքականության ավանդական սկզբունքները:
«ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ձևավորվել է մի դարաշրջանում, որն արագորեն վերածվում է անցյալի, և հարցն այն է, թե արդյոք երկիրը կարող է հարմարվել իր առջև ծառացած հիմնական մարտահրավերին՝ մրցակցությանը փոխկախվածության դարաշրջանում», - ասել է Սալիվանը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը բաց է թողել մի քանի կարևոր բան.
«Միացյալ Նահանգները կորցրել է իր առաջատարությունն արդյունաբերության ամենակարևոր ոլորտներում: Նրանք ենթակառուցվածքներում անհրաժեշտ ներդրումներ չեն կատարել։ Եվ միջին խավը հարվածի տակ է հայտնվել»,- պարզաբանել է Սպիտակ տան խորհրդականը։
Նրա կարծիքով՝ ռազմաարդյունաբերական բազան «տուժել է մի շարք խոցելիություններից, որոնց ուշադրություն չի հատկացվել»։
«Եթե մենք ցանկանում ենք Ամերիկան ավելի ուժեղ թողնել, քան երբ եկել ենք, և ավելի պատրաստված այն ամենին, ինչ սպասվում է, ապա դա հնացած պատկերացումների վերանայում կպահանջի», - ասաց նա:
Սպիտակ տան խորհրդականն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը։
«Այնուամենայնիվ, մենք կխուսափենք ձգձգվող, անվերջանալի պատերազմներից, որոնք կարող են կապել ամերիկյան ուժերը և քիչ բան անել ԱՄՆ-ին սպառնացող վտանգներն իրականում նվազեցնելու համար», - գրել է նա:
«Մենք հասկացանք, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ռազմական ուժի կիրառմանն իրեն ոչ կարգապահ մոտեցում թույլ տալ՝ չնայած հսկայական ջանքեր է մոբիլիզացնում Ուկրաինայի պաշտպանության և ռուսական ագրեսիան կասեցնելու համար», - հավելել է Սալիվանը:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է «նվազեցնել ռիսկերը և դիվերսիֆիկացնել, այլ ոչ թե խզել» հարաբերությունները Չինաստանի հետ։
«Չինաստանը տեսանելի ապագայում կմնա համաշխարհային բեմի գլխավոր խաղացողներից մեկը», - ասել է պաշտոնյան:





























