Շվեդիան Թուրքիային կներկայացնի ահաբեկչության դեմ պայքարի «ճանապարհային քարտեզ»՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի որոշում է կայացրել հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը։ Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

Ըստ գործակալության՝ հանդիպմանը ելույթ է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Աքչափարը և ասել, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանն ավելի անվտանգ կդարձնի», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ըստ լրատվամիջոցի՝ դիվանագետը նշել է, որ շվեդական կողմի ընկալման մեջ անվտանգության ոլորտում Անկարայի «օրինական մտահոգությունների» վերաբերյալ  «դրական փոփոխություններ» կան՝ կապված առաջին հերթին ահաբեկչական PKK-ին (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) հակազդելու հետ: 

Աքչափարն ասել է, որ «Շվեդիան Թուրքիային ճանապարհային քարտեզ կներկայացնի, որը պարունակում է պատասխանատվությունն ու քայլերը, որոնք այն պետք է ձեռնարկի ահաբեկչությանը հակազդելու համար»։