Բուլղարիայի ներքին գործերի փոխնախարար Ստոյան Տեմելակիևը Սոֆիայում ֆուտբոլասերների բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների և ոստիկանության գործողությունների պատճառով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քննարկվում է վարչության պետ Կալին Ստոյանովի հրաժարականը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը։

«Ֆուտբոլային տոնակատարության փոխարեն մենք տեսանք բռնության սարսափելի տեսարաններ։ Պատճառը Բուլղարիայի ֆուտբոլային միության (BFU) երկարաժամկետ կառավարումն է, որը բուլղարական ֆուտբոլը տանում է դեպի անկում։ Սխալներ կան նաև ՆԳՆ-ի կողմից, մենք չենք կարող աչք փակել բռնության տեսարանների վրա, երբ որոշ ոստիկաններ ծեծում և ոտքերով հարվածում են ընկած քաղաքացիներին»,- ասաց Դենկովը։ Պատասխանելով հարցերին՝ նա պարզաբանեց, որ քննարկվում է ՆԳՆ ղեկավարի հրաժարականը։

«Ստոյանովի առնչությամբ ես իրավիճակի ոչ ադեկվատ գնահատական ​​եմ տեսնում, նա ինձ վստահեցրեց, որ սադրանքներ չեն սպասվում»,- հավելեց վարչապետը։

Ավելի վաղ, խորհրդարանական առաջատար խմբերի ղեկավարները պահանջել էին ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Նոյեմբերի 16-ին՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի Բուլղարիայի և Հունգարիայի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ երկրպագուները բողոքի ցույց էին կազմակերպել Բուլղարիայի ֆուտբոլային միության ղեկավարության դեմ՝ պնդելով դրա հրաժարականը։ Ֆուտբոլային ղեկավարության որոշմամբ՝ մարզադաշտ մտնել արգելվելով՝ նրանք սկսել են քարեր ու ճայթռուկներ նետել ոստիկանների ուղղությամբ, հրկիզել աղբամաններն ու մեքենաները, կոտրել մեքենաների ապակիներն ու խանութների ցուցափեղկերը։ Ագրեսիվ ամբոխը ցրելու համար ոստիկանները ստիպված են եղել օգտագործել ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։ Բախումների արդյունքում տուժել է մոտ 30 ոստիկան, մոտավորապես նույնքան երկրպագու վիրավորվել է, 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ Բերման է ենթարկվել հասարակական կարգը խախտող 33 անձ։ 

Ընդհանուր առմամբ, Սոֆիայի կենտրոնում բողոքի ցույց է անցկացրել մոտ 5 հազար երկրպագու, իսկ հասարակական կարգի պահպանմանը ներգրավվել է ավելի քան 1,6 հազար ոստիկան ու ժանդարմերիայի աշխատակից։