ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել ևս մոտ կես միլիարդ դոլար  էներգետիկ համակարգին աջակցելու համար, որը ցուրտ եղանակի սկսվելուն պես ռուսական հարձակումների առանցքային թիրախներից է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Փայեթը։

«Միացյալ Նահանգներն արդեն ավելի քան 520 միլիոն դոլարի  աջակցություն է տրամադրել Ուկրաինայի էներգետիկ հատվածի համար։ Մենք գիտենք, որ   ևս 500 միլիոն դոլարի հնարավորությւոն ունենք»,- ասել է նա, տեղեկացնում է DW-ն։

Փայեթն ասել է, որ Պետդեպարտամենտը կենտրոնացած է Ուկրաինայի էներգետիկ խնդիրների երկու հեռանկարի վրա. կարճաժամկետ՝ օգնել Ուկրաինային բարձրացնել իր էներգետիկ համակարգի կայունությունը հերթական ձմռան նախաշեմին, և երկարաժամկետ՝ ուղղված ապագա ուկրաինական էներգահամակարգի ստեղծմանը, որը լիովին ինտեգրված կլինի Եվրոպային։

Փորձագիտական ​​գնահատականների համաձայն՝ ռուսական հրթիռներից և անօդաչուներից ամենաշատը տուժել են «Ուկրէներգո» պետական ​​ընկերության ենթակայանները, խոշոր էներգետիկ օբյեկտների մոտ 70 տոկոսը, ինչպես նաև Ուկրաինայի բոլոր հիդրո և ջերմային էլեկտրակայանները՝ առանց բացառության։